Փարիզի որոշումը՝ Ռուսաստանին վաճառել, թե չվաճառել «Միստրալ» ուղղաթիռակիրներ, Ֆրանսիայի իրավասության ներքո է: Այս մասին ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանից առաջ լրագրողներին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը՝ հավելելով. «Դա ազգային որոշում է եւ Ֆրանսիան պիտի որոշի»:

Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ն իր հերթին հիմա վերանայում է Ռուսաստանի հետ իր հարաբերությունները: «Ինչպես հայտնի է, մենք արդեն դադարեցրել ենք բոլոր պրակտիկ հարաբերությունները ռազմական ոլորտում: ՆԱՏՕ-ի անդամ երկրների ԱԳ նախարարները հունիսի վերջին եւս մեկ անգամ կքննարկեն այդ հարցը»,-նշել է Ռասմուսենը: Նա հույս է հայտնել, որ դաշինքի բոլոր անդամները ազգային որոշումներ կընդունեն:
Ռասմուսենը նաեւ նշել է, որ Կիեւին ռազմական օգնություն ցուցաբերելու որոշումը Դաշինքը կարող է ընդունել  երկողմ հիմքով:

Հիշեցնենք, որ ավելի վաղ՝ մայիսի 30-ին, հայտնի է դարձել, որ ամերիկյան մի խումբ դեմոկրատ օրենսդիրներ նամակ են հղել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին՝ առաջարկելով համոզել Փարիզին հրաժարվել Մոսկվային «Միստրալ» տեսակի ուղղաթիռակիրներ վաճառելու մտադրությունից: