Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանի ուղեկցությամբ այցելել է Գյումրի եւ Վանաձոր՝ քաղաքներում իրականացվող ջրամատակարարման եւ ջրահեռացման համակարգերի վերականգնման ծրագրի շրջանակում իրականացվող աշխատանքներին տեղերում ծանոթանալու նպատակով:

Գերմանական KfW բանկի աջակցությամբ ներկայումս ընթացքում է «Լոռիի (Վանաձոր) եւ Շիրակի (Գյումրի) մարզերի բնակավայրերի ջրամատակարարման եւ ջրահեռացման համակարգերի վերականգնում» ծրագրի երկրորդ փուլը, որի աշխատանքները կավարտվեն մինչեւ տարեվերջ: Նախատեսվում է, որ ծրագրի 1-ին եւ 2-րդ փուլերի իրականացման արդյունքում շուրջօրյա, որակյալ ջրամատակարարմամբ կապահովվի Գյումրի քաղաքի մոտ 60, Վանաձորի՝ 80 տոկոսը, ինչպես նաեւ Շիրակի մարզի Մարալիկ, Ախուրյան, Ազատան եւ Լոռու մարզի Լեռնապատ, Դարպաս եւ Շահումյանավան համայնքները: Ծրագրի երրորդ փուլը կմեկնարկի 2015 թվականից, որի իրականացումը թույլ կտա Գյումրին ու Վանաձորն ամբողջությամբ , ինչպես նաեւ Շիրակի մարզի եւս 14 համայնք եւ «Լոռի- ջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի սպասարկման տարածքում գտնվող բոլոր համայնքներն ապահովել շուրջօրյա ջրամատակարարմամբ: «Շիրակի- ջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի սպասարկման գոտում գտնվող մյուս համայնքներում ջրամատակարարման տեւողությունը կավելանա 6-7 ժամով:

Փոխվարչապետը Գյումրիում եւ Վանաձորում, մարզպետների եւ քաղաքապետների ուղեկցությամբ, շրջայց կատարեց այն թաղամասերում, որտեղ ներկայումս իրականացվում են ջրամատակարարման ցանցի վերականգնման, տնային միացումների աշխատանքներ: Ծրագրի պատասխանատուները զեկուցեցին, որ ներկայումս արդեն իրականացվել է երկրորդ փուլով նախատեսված աշխատանքների շուրջ 65 տոկոսը, եւ սահմանված ժամկետներում աշխատանքներն ավարտին կհասցվեն:

Համայնքների ղեկավարները փոխվարչապետին ներկայացրեցին ծրագրի իրականացման հետ կապված իրենց նկատառումներն ու մտահոգությունները, որոնք մասնավորապես վերաբերում էին աշխատանքների իրականացումից հետո փողոցների բարեկարգմանը, շինարարական աշխատանքների տեմպերին եւ որակին:

Քննարկումների ընթացքում պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ շինարարական ընկերությունների ուշադրության կենտրոնում կլինի նաեւ փողոցների բարեկարգման խնդիրը: Ինչ վերաբերում է աշխատանքների տեմպերին, պատասխանատուները տեղեկացրեցին, որ առաջիկա երկու շաբաթվա ընթացքում որոշ նախագծային լուծումներ կվերջնականացվեն , որից հետո շինարարությունն ավելի լայն թափով կիրականացվի:

Փոխվարչապետը շինարարական կազմակերպություններին եւ պատասխանատուներին առաջարկեց աշխատանքները կազմակերպել այնպես, որպեսզի բնակիչներին պատճառվող անհարմարությունները նվազագույնի հասցվեն: Տեղական իշխանությունների ներկայացուցիչներին նա հորդորեց հնարավորինս աջակցել շինարարական ընկերություններին՝ ընթացքում առաջացող խնդիրներին օպերատիվ կարգով լուծում տալու համար:

Փոխվարչապետն ընդգծեց, որ ծրագիրը գտնվելու է իր անմիջական ուշադրության կենտրոնում : Պայմանավորվածություն ձեռք բերվեց նաեւ, որ Ջրային տնտեսության պետական կոմիտեի պատասխանատուները պարբերական այցելությունների միջոցով տեղերում կհետեւեն աշխատանքների ընթացքին: