Աբխազիայի նախագահի անվտանգությանը սպառնում է իրական վտանգ, ուստի նա գտնվում է Գուդաուտայի ՌԴ ռազմաբազայում: Այդ մասին հայտարարել է երկրի վարչապետ Լեոնիդ Լակերբայան:
«Ինչ-որ մեկը խիստ ցանկանում է, որպեսզի նախագահի հետ վատ բան տեղի ունենա: Սակայն դա աղետ կլինի ողջ Աբխազիայի համար՝ ոչ թե անհատի պատճառով, այլ այն պատճառով, որ նա խորհրդանշում է նախագահական իշխանությունը: Երեկ ես նշել եմ այն մասին, որ նախագահը կարող է վերադառնալ: Սակայն տեղեկություն է հայտնվել, որ երկու խմբավորում նրա նկատմամբ մահափորձ են նախապատրաստում: Ուստի չեղյալ է հայտարարվել»,- ասել է Լակերբայան, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Վարչապետը հերքել է նաեւ հաղորդագրությունն այն մասին, որ Աբխազիայի ուժային կառույցները հրաժարվում են համագործակցել երկրի իշխանությունների հետ. «Տագնապալի գիշեր էր, երբ ՆԳՆ շենքի ու Պետական անվտանգության ծառայության շենքի գրավման սպառնալիք հայտնվեց, սակայն հաջողվեց խուսափել, գերակայեց առողջ դատողությունը»:
Նա հավելել է, որ Սուխումիում ընդդիմության գրաված շենքերի ուժով ազատագրում չի ծրագրվում: Որեւէ «մաքրում» չի լինելու: Եթե նման մտքեր լինեին, ապա կիրագործվեին հենց առաջին օրը: Վարչապետը նշել է, որ թեեւ տեխնիկապես նման վարկած հնարավոր է իրականացնել, այն չէր կարգավորի ճգնաժամը:
Լակերբայան նաեւ շնորհակալություն է հայտնել ուժային կառույցների աշխատակիցներին, որոնց գործողությունները մայիսի 27-ին բռնություն թույլ չեն տվել:





























