Հայաստան ներդրումների հոսք ապահովելու ամենաառաջին պայմանը բիզնես մթնոլորտի բարելավումն է, թափանցիկությունը, հակակոռուպցիոն պայքարը, կարգ ու կանոնը։ Այս մասին «Ամերիկայի ձայն»-ին տված հարցազրույցում նշել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը:
Հարցին, թե ո՞ր ճյուղերն են այսօր առավել կարեւոր Հայաստանի համար, որոնց շուրջ կարելի է որոնել գործընկերներ ԱՄՆ-ում, դեսպանը պատասխանել է. «Երեւանում անցած երկուսուկես տարիների պաշտոնավարման ընթացքում եղել է ԱՄՆ-ի ու Հայաստանի միջեւ տնտեսական հարաբերությունների խորացումը, առեւտուրն ու ներդրումները։ Իմ տեսակետն այն է, որ Հայաստանի ու ԱՄՆ-ի միջեւ հարաբերություններն ավելի սերտացնելու համար Հայաստանն այսօր իրոք ունի տնտեսական նոր հնարավորությունների կարիք, հատկապես Երեւանից դուրս աշխատատեղեր ստեղծելու կարիք։ Եվ այսօր Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանության գլխավոր նպատակներից մեկն այս ոլորտներում նոր հնարավորությունների ստեղծումն է։ Հայաստանի կառավարության պաշտոնյաների, սփյուռքի ներկայացուցիչների հետ հանդիպումների ընթացքում հարցը լինում է հետեւյալը, թե ինչպես պիտի կարողանանք ապահովել ամերիկյան ավելի մեծ ներդրումներ, ինչ պայմաններ պետք է լինեն ամերիկյան ավելի մեծաթիվ ընկերությունների կողմից ներդրումներ իրականացնելու համար, որոնք դառնան փոխշահավետ տնտեսական հարաբերությունների հիմք»:
Նրա խոսքով՝ Հայաստանը շատ մոտ էր Եվրամիության հետ ինտեգրացման ծրագրին եւ այսօր էլ Հայաստանում հույս ունեն շարունակել դա, ինչը չի հակասում Մաքսային Միության հետ ստորագրված պարտավորություններին։
«Այս ուղղությամբ մենք կարող ենք շարունակել մեր աշխատանքները Հայաստանի հետ, քանի որ ուզում ենք Հայաստանին տալ հնարավորություններ, տարբերակներ, որոնցից կարելի է ընտրել այն բնագավառները, որտեղ կարելի է համագործակցել Արեւմուտքի հետ, Եվրոպայի ու ԱՄՆ-ի հետ, ինչպես նաեւ` Ռուսաստանի, որը, ես հասկանում եմ, երկար տարիներ է եղել Հայաստանի գործընկերը։
Մաքսային Միությանը միանալու որոշման մասին հայտարարելուց հետո, Հայաստանի նախագահը նաեւ շատ կարեւոր ազդանշան տվեց ԱՄՆ-ին ու Եվրոպային, որ Հայաստանը ցանկանում է մնալ գործընկեր մեզ հետ։ Օրինակներից մեկը կարելի է համարել Որոտան գետի վրա հիդրոէլեկտրակայանների համալիրի գնման վերաբերյալ ամերիկյան Քոնթուր Գլոբալ ընկերության հետ համաձայնագիրը: Խոսքը շատ կարեւոր էներգետիկ բնագվառի մասին է, որտեղ նախապես գերիշխում էին ռուսական հաստատությունները։ Հույս ունենք, որ գործարքն ավարտին հասցնելով, այն մեծ ազդանշան կլինի ամերիկացի ու Արեւմուտքի երկրների ներդրողների համար, եւ մեզ մեծապես կօգնի ապացուցելու, որ Հայաստանը բաց է բիզնեսի համար»,-ընդգծել է Հեֆերնը:





























