NEWS.am-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել մայիսի 20-ին Կոշ քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Արտավազդ Գոհարյանի մահվան հանգամանքների վերաբերյալ: ՔԿՀ-ին մոտ կանգնած մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Արտավազդ Գոհարյանը մահացել է դաժան ծեծի հետեւանքով:
NEWS.am-ի այս տեղեկությունը փորձեցինք ճշտել ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնից: Այնտեղից մեզ հայտնեցին, որ ծեծկռտուք չի եղել, քննությունը շարունակվում է եւ ավարտից հետո միայն կարելի կլինի խոսել մահվան պատճառի մասին:
Նշենք, որ մայիսի 20-ին 46-ամյա դատապարտյալի վիճակը կտրուկ վատացել էր, նրան տեղափոխել էին Աշտարակի հիվանդանոց, սակայն կյանքը փրկել չէր հաջողվել: Նշանակվել էր դատաբժշկական փորձաքննություն: Արտավազդ Գոհարյանը դատապարտվել է ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով՝ 9 տարի ժամկետով ազատազրկման, սակայն նախորդ տարի համաներում հայտարարելուց հետ նրա պատժաչափը կրճատվել էր դառնալով՝ 8 տարի 6 ամիս: Այս տարի՝ հուլիսի 27-ին, դատապարտյալի պատժի կրելու ժամկետը լրանում էր:





























