Գերմանիայի ԱԳՆ-ն Թուրքիայի դեսպանին «հրավիրել է»՝ արտահայտելու Բեռլինի «զարմանքը» Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից թուրքական ծագման գերմանացի քաղաքական գործչի հասցեին հնչեցրած քննադատության առիթով: Այդ մասին գրում է «Le Huffington Post»՝ վկայակոչելով France-Presse գործակալությանը:
Կուսակիցների առջեւ հնչեցրած ելույթում այս շաբաթվա սկզբում Թուրքիայի վարչապետը քննադատել է գերմանական կանաչների ներկայացուցիչ Ջեմ Օզդեմիրին: Չհնչեցնելով անունը՝ Էրդողանը վերջինիս անվանել է «այսպես կոչված թուրք» եւ նրան Թուրքիայում պերսոնա նոն գրատա հայտարարել, քանի որ վերջինս նախորդ շաբաթ Թուրքիայի վարչապետի Քյոլն կատարած սկանդալային այցի ժամանակ քննադատությամբ է հանդես եկել:
Թուրքիայի դեսպանին Բեռլինում «հրավիրել» են ԱԳՆ, որպեսզի «հաստակորեն իրենց զարմանքն արտահայտեն թուրքական կառավարության կողմից հնչեցրած հայտարարության կապակցությամբ»:
«Գերմանացի հայտնի քաղաքական գործչի հասցեին, ով միշտ ձգտել է Գերմանիայի եւ Թուրքիայի միջեւ լավ հարաբերությունների, հրապարակային քննադատության այդ ձեւը բարենպաստ չի անդրադառնա թուրք-գերմանական հարաբերությունների վրա», հաղորդում է գերմանական դիվանագիտական աղբյուրը:
Նշենք, որ Թուրքիայի իսլամական պահպանողական վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անցած շաբաթ Քյոլնում հանդիպում է անցկացրել, որի ընթացքում կրկին հարձակվել է լրատվամիջոցների վրա, մասնավորապես՝ գերմանական, ինչպես նաեւ կասկածի տակ է դրել Գերմանիայում թուրքերի ձուլման հարցը՝ հաստատելով 2008թթ այցի ընթացքում տարաձայնությունների առիթ դարձած խոսքերը:



























