Ֆրանսիան հավատարիմ է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղություն հաստատելու նպատակին եւ ցանկանում է այնպիսի պայմաններ ստեղծել, որ հետագայում երկու երկրների միջեւ պատերազմներ այլեւս չլինեն: ԱՊԱ գործակալության հաղորդմամբ, հիշյալ հայտարարությունը Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Պասկալ Մոնյեն է հնչեցրել:

Դեսպանը նշել է, որ շատ լավ է ճանաչում Ֆրանսիան ներկայացնող նոր համանախագահին: «Մենք 20 տարի առաջ ենք ծանոթացել: Այդ ժամանակ ես Չինաստանում էի դիվանագիտական առաքելություն իրականացնում, իսկ նա իմ օգնականն էր: Հետո Մոսկվայում աշխատանքի անցավ, ավելի ուշ` Տաջիկստանում եւ Մոլդովայում Ֆրանսիայի դեսպանն էր: Այնպես որ քաջ ծանոթ է նախկին խորհրդային հանրապետություններին», - ասել է Պասկալ Մոնյեն: Նրա տեղեկացմամբ, Ժակ Ֆորը համանախագահի պարտականությունները մինչեւ հունիսի կեսերն է իրականացնելու, իսկ մինչ այդ Պյեռ Անդրեն բոլոր այցերի ժամանակ նրա ուղեկիցը կլինի:

Դեսպանը նշել է, որ 20 տարի ձգվող հրադարարի ռեժիմի ֆոնին Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորման համար կոնկրետ քայլեր են հարկավոր: «Քանի որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղությունը տարածաշրջանում կայունության եւ անվտանգության հաստատմանն է նպաստելու: Նախագահ Ֆրանսուա Օլանդը Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահներին` համանախագահների հետ միասին Ֆրանսիայում հանդիպելու պատրաստակամություն է հայտնել: Բայց առաջարկը դեռ պետք է երկու երկրների նախագահների կողմից ընդունվի: Օլանդը կողմերին խաղաղության հաստատմանն ուղղված կոնկրետ առաջարկներ է արել, որոնք կարող ենք այդ այցի ընթացքում քննարկվել» - ամփոփել է դիվանագետը: