Ականավոր ճարտարապետ Թորոս Թորամանյանի ծննդյան 150-ամյակի կապակցությամբ՝ 2014 թվականի հունիսի 4-6-ը Երեւանում կանցկացվի Հայաստանում եւ արտերկրում պատմամշակութային ժառանգության պահպանության հիմնահարցերին նվիրված «Պատմամշակութային ժառանգության պահպանություն» խորագրով միջազգային գիտաժողովը, ինչը կնշանավորի նաեւ 2011 թ. ապրիլի 6-ին ՀՀ մշակույթի նախարարության եւ Իտալիայի արտաքին գործերի նախարարության համագործակցության զարգացման գլխավոր վարչության միջեւ ստորագրված «Աջակցություն Հայաստանի հաստատություններին` տեղական մշակութային ժառանգության պահպանության եւ ամրակայման համար տեխնիկական համաձայնագրի» շրջանակներում իրականացվող համագործակցային ծրագրի ավարտը:
Գիտաժողովի շրջանակներում կքննարկվեն Հայաստանի եւ արտերկրի մշակութային ժառանգության պահպանման եւ ընդլայնման նոր սահմանները` ելակետ հանդիսանալով ապագա հետազոտությունների եւ ծրագրերի համար, ինչպես նաեւ նպաստելով տարբեր փորձագետների եւ կազմակերպությունների միջեւ բազմառարկայական կապերի եւ համագործակցության ձեւավորմանը: Գիտաժողովը կմիավորի գիտաշխատողների, մասնագետների, ինչպես նաեւ պատմամշակութային ժառանգության ոլորտում քաղաքականություն իրականացնողներին, ովքեր կներկայացնեն, կքննարկեն հնագիտական, ճարտարապետական եւ քաղաքաշինական ժառանգությանն ու միջավայրին վերաբերող հիմնահարցերն ու դրանց զարգացման ուղիները:
Գիտաժողովին կմասնակցեն հեղինակավոր մասնագետներ Իտալիայից, Ֆրանսիայից, Ռուսաստանից, Հայաստանից եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից: Գիտաժողովում ներգրավված են նաեւ ժառանգության պահպանության ոլորտում ընդգրկված ու բնագավառում գործունեություն իրականացնող հասարակական եւ այլ կազմակերպություններ:
Գիտաժողովի պաշտոնական լեզուներն են հայերենը եւ անգլերենը:




























