Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը չի համարում, թե ԱՊՀ-ն մահացել է: Կազմակերպությունը, նրա խոսքով, շարունակում է մասնավորապես Մաքսային եւ Եվրասիական տնտեսական միություններին չանդամագրված երկրների համար փոխգործակցության ձեւաչափ մնալ:

«ԱՊՀ-ն իսկապես էլ բազմաթիվ թերություններ ունի: Ինտեգրացիոն կապվածության տեսանկյունից այն մի շարք հարցերում նվազագույն մակարդակ է ապահովում: Բայց միեւնույնն է` երբեւէ ԱՊՀ անդամ դարձած երկրները միմյանց միջեւ հարաբերություններում դրանից լավ ոչինչ չեն կարող առաջարկել», - ՌԻԱ-Նովոստի գործակալության հաղորդմամբ, լրագրողներին իր տեսակետն է հայտնել Մեդվեդեւը:

Վարչապետը համոզմունք է հայտնել, որ Ռուսաստանի, Բելառուսի եւ Ղազախստանի կողմից Եվրասիական տնտեսական միության ստեղծման մասին պայմանագրի ստորագրումը «երկրների միջեւ փոխհարաբերությունների մայրուղու» կառուցում է նշանավորում: Հիշեցնենք, որ պայմանագիրն ուժի մեջ է մտնելու 2015թ. հուվարի 1-ին:

«Բայց պետք է շարունակել շփումներն այլ երկրների հետ, որոնք պատրաստ չեն կամ չեն կամենում մեզ հետ միություն կազմել, կամ էլ` իրավական հիմքեր չունեն միավորման համար: Այդ երկրներն անչափ կարեւոր են մեզ համար եւ շարունակում են մեր գործընկերները մնալ: Իսկ այդ առումով ԱՊՀ նշանակությունն, ամեն դեպքում, պահպանվում է», - հայտարարել է վարչապետը: