NEWS.am-ը զգալի կրճատումներով ներկայացնում է «Vox»-ում հրապարակված հոդվածը, որի հեղինակն է տվյալ ինտերնետ-պարբերականի թղթակից Զաք Բոշանը:

Ռուսաստանը, Բելառուսը եւ Ղազախստանը հինգշաբթի համաձայնագիր ստորգարեցին Եվրասիական տնտեսական միության ստեղծման մասին: Այն հնարավոր կդարձնի աշխատողների, կապիտալի, ապրանքների եւ ծառայությունների ազատ հոսքը, հավանաբար, աշխարհը սարսափի մեջ պետք է հայտնվի: Եվրասիական միությունը նկարագրում էին որպես Վլադիմիր Պուտինի «երկար խաղի» գագաթնակետ՝ որպես «չարագործ Բոնդի»՝ նեոխորհրդային ավտորիտար կայսրություն հիմնելու ծրագիր, որը մարտահրավեր է նետում Եվրամիությանն աշխարհում ունեցած ազդեցության հարցում: «Եվրասիական միությունը Եվրոպական միության թշնամին է,- գրել է պատմաբան Թիմոթի Սնայդերը Յելի համալսարանից,- ոչ թե ռազմավարությամբ, այլ գաղափարախոսությամբ»: Սակայն եթե իհարկե սա Պուտինի մեծ ծրագիրն էր, ապա Բրյուսելը, հավանաբար, կարող է հանգիստ շունչ քաշել: Եվրասիական միությունը թույլ է: Նա ավելին չի սպառնում, քան հենց ինքը Ռուսաստանը:

Սկսենք հարստությունից՝ պարզագույն գործոն: Անգամ երկու երկրների ընդգրկմամբ, որոնք դեռ չեն միացել, սակայն ծրագրում են՝ Հայաստանի եւ Ղըրղըզստանի, Եվրասիական միությունն առաջացնում է ԵՄ ՀՆԱ-ի մոտ մեկ վեցերորդ մասը: Ավելին, ռուսական տնտեսությունը տառապում է ուկրաինական իրադարձությունների հետեւանքով. արեւմտյան պատժամիջոցների հետեւանքով նրա բորսան եւ դոլարի հանդեպ նրա արժույթը ազատ անկման մեջ հայտնվեցին: Հնարավոր չէ, որպեսզի ընդլայնված տնտեսական հարաբերություններն ավելի փոքր մի շարք երկրների հետ օգնեին Ռուսաստանին հաղթահարել տնտեսական պատժամիջողները, եթե այն որոշի ընդլայնել իր զավթողական ամբիցիաներն Ուկրաինայում եւ դրա սահմաններից դուրս:

Հարկ է ուշադրություն դարձնել ռազմական ուժի վրա, նույնիսկ եթե Եվրասիական միությունը հարաբերական պաշտպանության դրույթներ չունի, ինչպես ՆԱՏՕ-ում: Նույնիսկ առանց Միացյալ Նահանգների ՆԱՏՕ-ի ռազմական բյուջեն ավելի քան երեք անգամ գերազանցում է Եվրասիական միությանը. Ռուսաստանն ապահովում է Եվրասիական միության պաշտպանության ծախսերի 95 տոկոսը: Դարձյալ, դոլարն ամենը չէ. ռազմական ծախսերը ռազմական ուժի կոպիտ գնահատում է: Այնումենայնիվ, եթե տարբերությունն այդքան մեծ է, այն հավանաբար նշանակություն ունի:

Կարող ենք նկատել, որ ԵՄ-ն Արեւելյան բլոկի նախկին պետություններից շատերին կլանել է, այդ թվում Լեհաստանին: Եվրասիական միությունը պարզապես այդքան տարածք չունի Եվրոպայում ընդլայնվելու համար, իսկ Կենտրոնական Ասիայի պետությունները, որոնք պնդում են, թե նույնպես ցանկանում են մասնակցել, չեն կարող մրցել Եվրոպայի հարստության հետ: Ի դեպ, սա պատճառներից մեկն է, թե ինչու Ուկրաինայում Պուտինի գործողությունները տհաճ հետեւանքների հանգեցրին: Շատերը համարում են, որ Ուկրաինայի մասնկացությունը Եվրասիական միությանը որոշիչ նշանակություն ունի դրա հաջողության համար, քանի որ էներգիա արտադրող պետությունների համար օգտակար շուկա կծառայի: