Ղազախստանի նախագահ Նուսուլթան Նազարբաեւի հնչեցրածը տհաճ էր, բայց դա որեւէ վնաս չի կարող մեզ տալ: Այս մասին այսօր՝ մայիսի 31-ին, Ծաղկաձորում ՀՀԿ երիտասարդական կազմակերպության հերթական հաշվետու հավաքի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ նշել է Հայաստանի նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը:

Եռօրյա հավաքը մեկնարկել է ս.թ. մայիսի 30-ին: Նման հավաքներ ՀՀԿ ԵԿ-ն կազմակերպում է կուսակցության հերթական համագումարներից հետո, որոնց ընթացքում մանրամասն քննարկվում են այն ելույթները, թեզերն ու դրույթները, որոնք հնչել են համագումարում, նախանշվում են նաեւ առաջիկա անելիքները։ Հավաքի նպատակն է՝ ապահովել երիտասարդ հանրապետականների շփումն ավագ կուսակիցների, կուսակցության ղեկավար կազմի հետ, նաեւ ոլորտային պատասխանատուների հետ քննարկել կուսակցական աշխատանքին առնչվող խնդիրներ։ Ընդհանուր առմամբ, ծաղկաձորյան հավաքին մասնակցում է մոտ 260 երիտասարդ հանրապետական։

ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել երիտասարդական կազմակերպության ձեւավորած աշխատանքային խմբերի՝ առանձին սրահներում ընթացող թեմատիկ քննարկումներին, որոնք վերաբերել են ՀՀԿ 15-րդ համագումարում հնչած ուղերձներին, ՀՀԿ ԵԿ հետագա անելիքներին, Կառավարության ծրագրին ՀՀԿ ԵԿ հնարավոր օժանդակությանը, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ծրագրերում ՀՀԿ ԵԿ մասնակցությանը եւ Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգին:

ՀՀԿ նախագահն այնուհետեւ հանդիպում է ունեցել ՀՀԿ ԵԿ խորհրդի հետ, պատասխանել խորհրդի անդամներին հետաքրքրող հարցերին, որոնք վերաբերել են ինչպես կուսակցական թեմաներին, այնպես էլ մեր երկրի ներքին եւ արտաքին քաղաքականությանը:

Երիտասարդ հանրապետականներից մեկը նախագահ Սերժ Սարգսյանից հետաքրքրվել է, թե ինչ կարծիք ունի նա Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի միանալու գործընթացի վերաբերյալ՝ նկատի առնելով Աստանայում նախօրեին Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի ընդլայնված կազմով նիստում Ղազախստանի Նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի կողմից ընթերցված Ադրբեջանի Նախագահի նամակը՝ կապված միության անդամակցելու դեպքում Հայաստանի սահմանների եւ ԼՂՀ-ն եւս այդ սահմաններում ներառելու խնդրի հետ:

«Նախ պետք է ասեմ, որ որեւէ խոչընդոտ չկա Հայաստանի Մաքսային միությանն անդամակցելու մասով: Եվ երբ մենք այնտեղ ասում ենք, որ 2-3 հարց կա, այդ 2-3 հարցը զուտ տեխնիկական նշանակության հարցեր են եւ վերաբերում են մեր առեւտրային հարաբերություններին: Ինչ վերաբերում է Նազարբաեւի հնչեցրածին. նախ այն գլխից սխալ է սահմանների մասին խոսելը: Ի՞նչ սահմանների մասին ենք խոսում: Ղարաբաղի խնդիրը Մաքսային միությունում չի լուծվում: Իսկ ո՞վ է ասել, որ մենք Ղարաբաղով ենք մտնելու Մաքսային միություն: Այդպիսի բան չի եղել եւ չի էլ կարող լինել, որովհետեւ Ղարաբաղը գոնե մեր օրենսդրությամբ, գոնե մեր պատկերացումներով Հայաստանի մաս չէ այսօր կազմում: Իսկ որ Մաքսային միությանն անդամակցելը նպաստում է Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծմանը սա միանշանակ է: Իհարկե, Նազարբաեւի հնչեցրածը տհաճ էր, բայց դա որեւէ վնաս չի կարող մեզ տալ»,-պատասխանել է Նախագահ Սերժ Սարգսյանը: