Ստամբուլի կենտրոնում գտնվող Թաքսիմի հրապարակում եւ Գեզիի այգում անվտանգության ապահովման համար թուրքական իշխանությունները մի քանի հազար ոստիկանի են կուտակել: Միջոցները ձեռնարկվում են անկարգությունների սպառնալիքի առթիվ՝ կապված անցյալ տարի ամռանը տեղի ունեցած իրադարձությունների տարելիքի հետ:

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զգուշացրել է քաղաքացիներին. «Ակցիայի մեջ արդարություն ու անկեղծություն չկա: Մենք կարող ենք հակազդել Թաքսիմը հավերժացնելու փորձերին: Եթե կամենաք գալ այստեղ, հիշեք՝ անվտանգության ուժերը հրաման են ստացել անել ամեն ինչ»,- ասել է նա:

Այս պահին Թաքսիում եւ Գեզիում գրեթե մարդ չկա: Այս շրջաններում առավոտից մուտքը փակ է խմբերի համար: Չի գործում մետրոն, Ստամբուլի եվրոպական եւ ասիական հատվածների միջեւ լաստանավային կապը: Նմանատիպ միջոցներ ձեռնարկվել են Անկարայում, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Ավելի վաղ երիտասարդները փորձել են ակցիա կազմակերպել Գեզիի այգու մուտքի մոտ: Թաքսիմում անցորդներին «Գեզի. մեկ տարի» գրառումով շապիկներ են տվել:

Գեզիում իրադարձությունները սկսվել են 2013թ.-ի մայիսի 28-ին բնապահպանական ակտիվիստների բողոքի ակցիաներով: