Աբխազիայի խորհրդարանն արտահերթ նիստում հանրապետության նախագահի պարտականությունները հանձնել է Ազգային ժողովի խոսնակ Վալերի Բգանբային:
Որոշման օգտին քվեարկել է ներկա 25 պատգամավորներից 24-ը: Աբխազիայի խորհրդարանը բաղկացած է 35 պատգամավորից: Այս պահին խորհրդարանականների մեծամասնությունը ներկայացնում են ընդդիմադիր ուժերը:
«Աբխազիայի սահմանադրության 66-րդ հոդվածի եւ 67-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ մինչեւ Աբխազիայի Հանրապետության նոր նախագահի ընտրությունները՝ պարտականությունները կկատարի Ազգային ժողովի խոսնակ Վալերի Բգանբան»,- նշվում է խորհրդարանի որոշման մեջ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Փաստաթղթում նշվում է, որ արտահերթ ընտրությունների նշանակումը եւ հանրապետության ղեկավարի պաշտոնակատարի նշանակումը ձեռնարկվում է նախագահ Ալեքսանդր Անկվաբի անկարողության հետ կատարել պարտականություններն ու լիազորությունները, ինչպես նաեւ առաջնորդվելով Աբխազիայի խորհրդարանի մայիսի 29-ի որոշման համաձայն՝ վարչապետին անվստահության քվե հանձնելու վերաբերյալ:
Աբխազիայի խորհրդարանը երկրի նախագահի արտահերթ ընտրությունները նշանակել է 2014թ.-ի օգոստոսի 24-ին:
Մայիսի 27-ի երեկոյան ընդդիմության ներկայացուցիչներն իրենց վերահսկողության տակ վերցրեցին աբխազական վարչակազմի շենքը եւ հայտարարեցին, որ իրենց ձեռքն են վերցնում երկրի ժամանակավոր կառավարումը: Հինգշաբթի Աբխազիայի խորհրդարանը անվստահության քվե հայտնեց երկրի վարչապետին, նախագահին առաջարկեց կամավոր հրաժարական ներկայացնել:





























