Երկու սաուդյան արքայադուստրերը, որոնք իրենց հոր հրամանով բանտարկվել են, արդեն երկու ամիս է սնունդ ու ջուր չեն ստանում: Միապետի դուստրերի մեղքն այն է, որ նրանք պաշտպանել են երկրում կանանց իրավունքները:

Սահար եւ Ջավահեր քույրերը, որոնք կապ են հաստատել RT հեռուստաալիքի հետ, պատմել են, որ իրենց պահում են արքայական նստավայրում իրենց կամքին հակառակ:

Բացի Սահարից ու Ջավահերից, անազատության մեջ են գտնվում նաեւ նրանց քույրերը՝ Մահան ու Խալան:

«Թագավորը պետք է պատասխանի մեր հարցերին: Որն է մեր մեղքը: Ինչ հանցանք ենք մենք գործել»,-հարց են տալիս արքայադուստրերը, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:

Սովի ու արեւի լույսի բացակայության պատճառով արքայադուստրերի առողջությունը սրնթաց վատթարանում է: Քույրերից մեկը խոստովանել է, որ տառապում է հոգեկան խանգարմամբ:

Թագավորի նախկին կինը՝ արքայադուստր Անուդ ալ-Ֆաիզը բազմիցս կոչ է արել միջազգային հանրությանը ազդել ստեղծված իրավիճակի վրա: Նա դիմել է գերտերությունների առաջնորդներին, այդ թվում Բարաք Օբամային, սակայն նրա խնդրանքները անտեսվել են:

Իր հերթին, երկրի կառավարությունը պնդում է, որ արքայադուստրերն, իրականում, բացարձակապես ազատ են եւ կարող են դուրս գալ փողոց՝ թիկնապահների ուղեկցությամբ:

Քույրերը տնային կալանքի տակ են 2002 թվականից: Նրանք հայտարարել են, որ հայրը վերցրել է իրենց անձնագրերը, ինչպես նաեւ իրենց սննդի ու ջրի մեջ թմրանյութեր է լցնում, որ իրենք ավելի ենթարկվող դառնան: