Ռամիլ Սաֆարովի էքստրադիցիայի մասին բանաձեւը կարող է ընդունվել 2015թ.-ին ԵԽԽՎ հունվարյան նստաշրջանում: Այդ մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել է ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը՝ մեկնաբանելով բանաձեւի նախագիծը, որը կազմել են բրիտանացի խորհրդարանական Քրիստոֆեր Չոուփի զեկույցի հիման վրա:

Զոհրաբյանը նշել է, որ հայկական պատվիրակությունն ակտիվ մասնակցել է նախագծի շուրջ աշխատանքներին: «Րոպե անգամ չեմ կասկածում, որ մենք կպատրաստենք այդ բանաձեւը: Չէ որ Սաֆարովի էքստրադիցիան իրագործվեց եվրոպական կոնվենցիաների կոպիտ խախտմամբ, այդ թվում նաեւ դատապարտյալների հանձնման մասին ստրասբուրգյան կոնվենցիան»,- հայտարարել է Զոհրաբյանը:

Նա վստահեցրել է, որ եվրախորհրդարանականները մտադիր չեն զիջման գնալ: «Կարող եմ փոխանցել եվրոպացի իմ գործընկրեների տրամադրությունները: Վստահ եղեք, որ բոլորը կպաշտպանեն նման բովանդակությամբ բանաձեւը: Կարծում եմ, որ եթե ոչ աշնանային, ապա հունվարյան նստաշրջանին բանաձեւը կլինի: Ամեն դեպքում համոզված եմ, որ մինչեւ տարվա վերջ այն կքննարկեն լիագումար նիստում»,- հայտարարել է Զոհրաբյանը:

Հիշեցնենք, որ մայիսի 27-ին Մարդու իրավունքների ԵԽԽՎ հանձնաժողովի կողմից հրապարակված բանաձեւի նախագծում նշվում է Ադրբեջանի կողմից Ստրասբուրգի կոնվենցիայի խախտման մասին, որը ենթադրում է դատապարտյալի հանձնումը հայրենիքին, բայց ոչ նրա անհապաղ ազատ արձակումը, հատկապես այն դեպքերում, երբ հանձնումը կարող է դիվանագիտական կամ քաղաքական բարդություններ առաջացնել: