Ռուսաստանը հունիսի 1-ին ընդունում է Միավորված Ազգերի Կազմակերպության Անվտանգության խորհրդի նախագահությունը: Մայիսին կազմակերպության հիմնական կառույցի աշխատանքները գլխավորում էր Հարավային Կորեան, հուլիսին ԱԽ նախագահությունը Ռուսաստանից կանցնի Ռուանդային:

Ինչպես ՄԱԿ-ի շտաբ-բնակարանում ռուս լրագրողներին հայտնել է ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը, ԱԽ աշխատանքների գրաֆիկը «խոստանում է լարված լինել», հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

«Մեծ ուշադրություն է հատկացվելու Մերձավոր Արեւելքին. Մենք կքննարկենք իրավիճակի կարգավորման ընթացքը, իրավիճակը Եմենում, Լիբանանում, Սիրիայի քիմիական զենքի ոչնչացման գործընթացը, երկրում տիրող հումանիտար իրավիճակը»,- ասել է նա:

ՄԱԿ ԱԽ-ում ռուսական նախագահության կենտրոնական իրադարձություն խոստանում են լինել հունիսի 11-ին նշանակված բաց քննարկումները, որոնք նվիրված են ՄԱԿ խաղաղարար գործունեության նոր միտումներին:

Մեկ ամսվա ընթացքում ծրագրվում է երկարացնել ՄԱԿ խաղաղարար առաքելությունները Կոտ դ’ Իվուարում, Մալիում եւ Գոլանի բարձունքներում, Իրանի հանդեպ պատժամիջոցների ԱԽ փորձագետների խմբի իրավասությունները: