Էներգետիկայի հարցերով ԵՄ հանձնակատար Գյունտեր Էթինգերը «Հարավային հոսքի» գազամուղի կառուցման շարունակությունը կախված է համարում ուկրաինական կոնֆլիկտում Մոսկվայի հետագա դիրքորոշումից:
«Բանակցությունները կարող են շարունակվել այն բանից հետո, երբ ռուսաստանցի գործընկերները վերադառնան միջազգային իրավունքի նորմերի պահպանմանը եւ կառուցողական համագործակցության էներգետիկայի ոլորտում եվրոպական օրենսդրության հիմունքներով»,- հայտարարել է Էթինգերը «Frankfurter Allgemeine Sonntagszeitung» թերթին:
Եվրահանձնակատարը հիշեցրել է, որ բանակցությունները դադարեցվել են, քանի որ Մոսկվան չի ցանկանում ճանաչել եվրոպական կանոնակարգերը եւ նորմերն էներգետիկայի ոլորտում, ինչպես նաեւ ուկրաինական ճգնաժամի պատճառով:
«AFP» գործակալությունն ուշադրություն է հրավիրում Էթինգերի խոսքերին այն մասին, որ աշխատանքային մակարդակում կապերը պահպանվում են, շարունակվում են վիճելի հարցերի քննարկումները: «Սակայն արդի պայմաններում, երբ Ուկրաինայի արեւելյան հատվածում քաղաքացիական պատերազմ հիշեցնող իրավիճակ է ստեղծվել, եւ քանի դեռ Մոսկվան չի ճանաչում Կիեւի կառավարությանը, բանակցությունների ընթացքում չի հաջողվի քաղաքական լուծում գտնել»,- ասել է ԵՄ հանձնակատար, հաղորդում է «Deutsche Welle»-ի ռուսական ծառայությունը:





























