Մեծ Բրիտանիան կարող է լքել Եվրամիությունը, եթե Եվրահանձնաժողովի հաջորդ ղեկավարը դառնա լյուքսեմբուրգցի քաղաքական գործիչ Ժան Կլոդ Յունկերը, հաղորդում է գերմանական Spiegel ամսագիրը՝ վկայակոչելով իբր Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնի արած հայտարարությունը:
Պարբերականի տվյալներով՝ Քեմերոնը նախազգուշացրել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին, որ Յունկերի նշանակումը կարող է ապակայունացնել Բրիտանիայի կառավարությունը եւ ստիպել ԵՄ անդամության հարցով հանրաքվե անցկացնել:
Մերկելն ակտիվորեն աջակցում է Լյուքսեմբուրգի նախկին վարչապետ, աջ կենտրոնամետ Յունկերի թեկնածությունը: Բրիտանիան եւ ԵՄ մի քանի այլ անդամներ ցանկանում են, որ Եվրահանձնաժողովը գլխավորի ավելի էներգիայով լի թեկնածու, որը կլինի բարեփոխականների թեւից:
Բրիտանական կառավարության աղբյուրը հրաժարվել է մեկնաբանել ամսագրի հոդվածը, բայց նշել է, որ դա այն լեզուն չէ, որը կօգտագործեր Քեմերոնը, հաղորդում է BBC-ն:
Բացի Բրիտանիայից, Յունկերի թեկնածությանը դեմ են Հունգարիան եւ Շվեդիան:





























