Եգիպտացի սահմանապահների խմբի վրա երկրի արեւմուտքում մաքսանենգներ են հարձակվել: Սպանվել է 6 զինծառայող, այդ թվում նաեւ մեկ սպա:

Միջադեպը տեղի է ունեցել Ալ-Վահաթ անապատային շրջանում, երբ զինվորականները ստուգում էին սահմանապահ տեղամասը:

Պաշտպանության նախարարությունում համարում են, որ հարձակումը մաքսանենգների պատասխանն էր ուժայինների վերջին ստուգումներին, որոնց շրջանակներում ձերբակալել էին կասկածյալներին, առգրավել զենքը, մեքենաներն ու թմրանյութերը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Եգիպտոսը սահմանակից է Լիբիային եւ Սուդանին, ընդ որում սահմանմերձ տարածքները հիմնականում քիչ բնակեցված են, ինչը բարդացնում է վերահսկողությունը: Մաքսանենգներն ավելի են ակտիվացել Լիբիայում Մուամար Քադաֆիի վարչակարգի տապալումից հետո: