Աբխազիայի նախագահ Ալեքսանդր Անկվաբը հայտարարում է, որ կամավոր հրաժարականի մասին փաստաթուղթ չի ստորագրվել:

«Ես ոչինչ չեմ ստորագրել, սակայն ինձ համար կարեւորն Աբխազիայում արյունահեղությունից եւ հակամարտությունից խուսափելն է»,- ընդգծել է քաղաքական գործիչը, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

Աբխազիայի վարչապետ Լեոնիդ Լակերբայան նույնպես հերքել է այս մասին տեղեկությունը: «Նա հրաժարական չի ներկայացրել, սա ապատեղեկատվություն է: Որեւէ հրաժարական չկա»,- հայտնել է նա «ՌԻԱ Նովոստիին»:

Ավելի վազ աբխազական ընդդիմության առաջնորդներից Սերգեյ Շամբան հայտարարում էր, որ Ալեքսանդր Անկվաբը հրաժարական է ներկայացրել: Սակայն երկրի Անվտանգության խորհրդում տեղեկությունը հերքել են:

Ինչպես հաղորդում էին, մայիսի 31-ին խորհրդարանն արտահերթ նիստում երկրի նախագահի արտահերթ ընտրությունները նշանակել է 2014թ.-ի օգոստոսի 24-ին: Հանրապետության նախագահի պարտականությունները հանձնել են Ազգային ժողովի խոսնակ Վալերի Բգանբային: Խորհրդարանի որոշման մեջ նշվում է, որ արտահերթ ընտրությունների անցկացումը կապված է երկրի նախագահի կողմից իր պարատականություններտ կատարել չկարողանալու հետ՝ ղեկավարվելով Աբխազիայի խորհրդարանի մայիսի 29-ի որոշմամբ վարչապետին անվստահության քվե հայտնելու որոշմամբ: