Աբխազիայի նախագահ Ալեքսանդր Անկվաբը վայր է դրել լիազորությունները: Ստեղծված իրավիճակի կապակցությամբ նա դիմել է ժողովրդին:
«Մայիսի 27-ին ընդդիմությունը հանրահավաք է անցկացրել, որից հետո զավթել են նախագահի վարչակազմի շենքը, կառավարության եւ պետական հեռուստատեսության շենքերը, որոնք շարունակում են նրանց հսկողության տակ մնալ: Իշխանությունները փորձել են բանակցություններ վարել ընդդիմության հետ, որը գլխավորում է Համակարգող խորհուրդը: Սակայն այդ բանակցությունները փոխզիջման չեն հանգեցրել»,- նշել է Անկվաբը:
«Այսօր, հասարակության ներկայացուցիչների, ընտրողների, կողմնակիցների հետ երկարատեւ խորհրդատվություններից հետո վերջնական որոշում եմ կայացրել: Այն չի համապատասխանում մեր շատ քաղաքացիների տրամադրություններին, եւ նրանց, ովքեր այս ընթացքում ելք էին որոնում: Սակայն, այնումենայնիվ, ստեղծված հանգամանքների պայմաններում, որոշումը միակ ճիշտն եմ համարում: Ելնելով դրանից, հանուն երկրում խաղաղության պահպանման, Աբխազիայի Սահմանադրության 65-րդ հոդվածին համապատասխան, ես հրաժարական եմ ներկայացնում»,- հայտարարել է Անկվաբը:
Արդեն նախկին նախագահը բոլորին կոչ է արել պահպանել հանգստություն, քաղաքացիական խաղաղություն, նոր ընտրությունների անցկացում խաղաղ մթնոլորտում:





























