Բրիտանական իրավապաշտպան «Ազատություն խոշտանգումներից» կազմակերպությունը հայտարարել է, որ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում քաղաքական դրդապատճառներով բանտարկված կանանց բռնաբարությունը նրանց վրա ճնշում գործադրելու ստանդարտ ձեւերից է:
Իրավապաշտպանները վկայակոչում են բժիշկների տվյալները, որոնց համաձայն բուժզննում անցած կանանց կեսը խմբակային բռնաբարության է ենթարկվել, որոշ դեպքերում 10 տղամարդկանց մասնակցությամբ, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Բրիտանացի ակտիվիստները ուսումնասիրել են 18-62 տարեկան 30 կանանց բժշկական տվյալները, որոնց մեծ մասը կալանավորվել է քաղաքական կամ իրավապաշտպան ակցիաների մասնակցելու, կամ այն բանի համար, որ նրանց հարազատները զբաղվել են քաղաքական գործունեությամբ:
Կազմակերպությունում կոչ են արել Կոնգոյի իշխանություններին՝ կատարել ՄԱԿ-ի խոշտանգումների եւ դաժան վերաբերմունքի, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեմ կոնվենցիան:



























