Եվրասիական ինտեգրման համատեքստում Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ մաքսակետ չի բացվելու: Այս մասին այսօր՝ հունիսի 2-ին, խորհրդարանում հայտարարել է էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը:
Ի պատասխան հարցի, թե արդյոք առանց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Եվրասիական միությանն անդամակցումը չպետք է անհանգստացնի Երեւանին, Ճշմարիտյանն նշել է. «Իսկ մենք Ղարաբաղի հետ միասին որեւէ միջազգային կազմակերպության մաս կազմո՞ւմ ենք: Լինի դա ԱՀԿ-ն, ԱՊՀ-ն կամ ցանկացած մեկը»: Նրա խոսքով, տվյալ պարագայում դա ոչինչ չի փոխում. Լեռնային Ղարաբաղում արտադրված ապրանքները կարող են առանց սահմանափակման ԱՊՀ, Եվրոպա եւ այլ երկրներ արտահանվել:
Հիշեցնենք` Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի մայիսի 29-ին Աստանայում կայացած նիստի ավարտին Ռուսաստանի, Բելառուսի եւ Ղազախստանի նախագահներ Վլադիմիր Պուտինը, Ալեքսանդր Լուկաշենկոն եւ Նուրսուլթան Նազարբաեւը Եվրասիական տնտեսական միության ստեղծման մասին պայմանագիր են ստորագրել: Նիստին ներկա է գտնվել նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ով առաջարկել է Հայաստանի` Եվրասիական միությանը մինչեւ հունիսի 15-ը միանալու հարցը քննարկման դնել: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն, իր հերթին, ամենակարճ ժամկետներում Հայաստանի հետ փաստաթղթի ստորագրման անհրաժեշտությունն է ընդգծել:




























