Հնդկաստանում ոստիկանները կանանց նկատմամբ գործադրվող բռնությունների եւ իրավապահների անգործության դեմ բողոքի ելած ցուցարարներին ցրելու նպատակով ջրցան մեքենաներ են կիրառել: BBC-ի ռուսական ծառայության հաղորդմամբ, ինքնաբուխ ցույցի մասնակիցները հիմնականում կանայք են եղել, որոնք հանդիպում էին պահանջում Ուտտար-Պրադեշ նահանգի մայրաքաղաք Լակխնաուի վարչակազմի ղեկավարի հետ:
Հիշյալ բողոքի ակցիան դեռեւս մեկ շաբաթ առաջ տեղի ունեցած իրադարձությունների առաջին արձագանքը չէ: Իրավապահների հանցավոր անփութության դեմ, երբ վեջիններս հրաժարվել էին անհետացած ու, ինչպես հաջորդ օրը պիտի պարզվեր, բռնաբարության ենթարկված եւ կախաղան հանված երկու աղջիկների որոնումները կազմակերպել, արդեն մի շարք բողոքի ակցիաներ են իրականացվել:
Զոհերից մեկի հայրը պատմել է, որ ոստիկանները ծիծաղի առարկա են դարձրել իրեն, երբ փորձել է անհետացած աղջկա որոնումները կազմակերպելու խնդրանքով դիմել նրանց:
Դեպքի առնչությամբ հինգ մարդ է ձերբակալվել, որոնցից երկուսը ոստիկաններ են: Սակայն տեղացիների վրդովմունքի ալիքը չի մարում:



























