«Գազպրոմ» ԲԲԸ-ն հաստատել է իր մասնակցությունը Իրան-Հայաստան նավթատարի շինարարության նախագծին: Այդ մասին, ինչպես հաղորդել է K2kapital-ը, հայտնել է «Գազպրոմի» վարչության փոխնախագահ Վալերի Գոլուբեւը:

«Այդ նախագիծն իրատեսական է, եւ մենք կմասնակցենք դրան»,- նկատել է Գոլուբեւը: Նրա խոսքով, «Գազպրոմը» մասնակցելու է իր դուստր-ձեռնարկության՝ «Հայռուսգազարդի» միջոցով: Նախագիծն իրականացվելու է «Գազպրոմի» ընդհանուր ներդրումային ծրագրերի հաշվին:

Խոսելով Հայաստանի տարածքում նավթավերամշակող ձեռնարկության շինարարության մասին, այս նախագիծը, ըստ Գոլուբեւի, սառեցվել է դրա անեկամտաբերության պատճառով: «Դրական որոշում չի կայացվել: Առաջին հերթին, սպառման շուկան դեռ հստակ չէ, Հայաստանի շուկան շատ սահմանափակ է եւ լուծված չէ նավթամթերքների առաքումների հարցը»,- մանրամասնել է Գոլուբեւը: 

Ավելի վաղ Հայաստանի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունը հայտարարել է, թե հայ-իրանական համատեղ աշխատանքային խումբն ավարտում է տեխնիկական աշխատանքները իրանական Թավրիզից մինչեւ Երասխ նավթամթերքի խողոկավատարի տրամագծի որոշման ուղղությամբ: «Գազպրոմը» «Հայռուսգազարդի» միջոցով կարող է մասնակցել նախագծին 5-10 տոկոսի չափով: Շինարարական աշխատանքները նախատեսվում է  սկսել 2010թ.: Խողովակաշարի հզորությունը կազմելու է տարեկան 1,5 մլն տոննա: Հայաստանի ներքին պահանջները կազմում են տարեկան 450-500 հազար տոննա: Բենզինի եւ դիզվառելիքի մի մասը նախատեսվում է արտահանել: Նախագծի արժեքը գնահատվում է 250-260 մլն դոլար: