Թուրքիայի պետական նավթային Turkish Petroleum Corp. (TPAO) ընկերությունն ուրբաթ ձեռք է բերել ֆրանսիական Total SA ընկերության  բաժնետոմսերի փաթեթը` Ադրբեջանի Շահ Դենիզ գազային նախագծում:

1,5 միլիարդ դոլար արժողությամբ գործարքում TPAO-ի մասնաբաժինը 9%-ից ավելացել է  մինչեւ 19%, ասվում է Total-ի հայտարարությունում:

Այդպիսով, Թուրքիան դարձել է երկրորդ խոշոր գործընկերը` Եվրոպա կասպիական պաշարներն արտահանելու միջազգային նախագծում, որն այլընտրանք է փնտրում Ռուսաստանի գազի ներկրմանը: 

«Այդ համաձայնագրի օգնությամբ մենք գործընկերներ կդառնանք Կասպիական բոլոր նախագծերում», - ասել է Թուրքիայի էներգետիկայի նախարար Թաներ Յըլդըզը: Ըստ Total –ի հայտարարության` ֆրանսիական ընկերությունը գործընկերությունից դուրս է եկել 20 միլիարդ դոլար ակտիվների վաճառքի ծրագրի շրջանակներում, փոխանցում է Vesti.ru-ն:

Թուրքիայի պետական Boru Hatlari Ile Petrol Tasima A.S. (BOTAS) ընկերությունը պայմանագիր է կնքել   Տրանսանատոլյան գազատարում իր մասնաբաժինը 20% -ից մինչեւ 30% ավելացնելու մասին, որը Թուրքիային ադրբեջանական գազ է մատակարարելու:

Սպասվում է, որ Տրանսանատոլյան գազատարը շահագործվելու է 2018թ.: Ամեն տարի Շահ Դենիզից այն մատակարարելու է  16 միլիարդ խմ գազ, որոնցից 6 միլիարդ խմ-ը կուղղվեն Թուրքիայի ներքին սպառմանը, իսկ մնացած մասը` Եվրոպա: