Արցախի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանը ընդունել է սփյուռքահայ գործարար, կանադական «Ռեմաքս ինֆինիթ» ձեռնարկության նախագահ Լեւոն Նազարյանին:

Ա. Հարությունյանը ողջունել է արցախյան անշարժ գույքի շուկա մտնելու ձեռնարկության հետաքրքրությունը եւ համոզմունք հայտնել, որ այն իր դրական ազդեցությունը կունենա շուկայի զարգացման եւ նոր աշխատատեղերի ստեղծման գործում: Կառավարության ղեկավարը կարեւորել է «Ռեմաքս ինֆինիթ»-ի` որպես «Ռեմաքս» միջազգային ցանցի անդամի կուտակած փորձառությունն ու կապերը, որոնք կխթանեն միջազգային նոր ներդրումների ներգրավումը Արցախում:

Լեւոն Նազարյանը ներկայացրել է ձեռնարկության կողմից Կանադայում կատարվող աշխատանքները, ինչպես նաեւ Արցախում մասնաճյուղի հիմնադրման հետ կապված որոշ մանրամասներ:

Կողմերը հետագա համագործակցության վերաբերյալ համապատասխան պայմանավորվածություններ են ձեռք բերել: