ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող «Աջակցություն Պետական եկամուտների կոմիտեին ՀՀ-ում մաքսային հսկողության բարելավված ընթացակարգեր մշակելու եւ իրականացնելու գործում» Թվինինգ ծրագիրն ավարտել է առաքելությունը, փակման պաշտոնական արարողությանը ներկայացվել են երկամյա համագործակցության արդյունքները եւ ձեռքբերումները: Երկամյա գործունեության ընթացքում Թվինինգը հիմնականում նպատակաուղղված էր Հայաստանի մաքսային ծառայության՝ միջազգային չափանիշներին համահունչ զարգացմանը կայուն աջակցություն ցուցաբերելուն:

ՀՀ ֆինանսների փոխնախարար Արթուր Աֆրիկյանն, արդյունավետ գնահատելով ծրագրի կատարումը, շեշտադրել է արդյունքներն ու ձեռքբերումները. «Մաքսային համակարգի բարեփոխումներն իրականացվում են տարբեր ուղղություններով, մասնավորապես մաքսային ընթացակարգերի պարզեցում, բիզնեսի համար շահավետ պայմանների ստեղծում, էլեկտրոնային հայտարարագրման եւ վճարումների համակարգի, ինչպես նաեւ «Կանաչ ուղու» ամբողջական ներդրում: Նշված ուղղություններով արդեն իսկ նկատվում է զգալի առաջընթաց, սակայն, հաշվի առնելով մաքսային վարչարարության կատարելագործման պարբերական անհրաժեշտությունը, մենք շարունակում ենք համակարգի գործունեության չափանիշներն ու ընթացակարգերը համապատասխանեցնել միջազգային չափանիշներին: Իրականացված բարեփոխումներում լուրջ ներդրում է ունեցել նաեւ Եվրոպական Միությունը` խորհրդատվական տարբեր գործիքների միջոցով»: 

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան ընդգծել է, որ ԵՄ շարունակում է հավատարիմ գործընկեր մնալ Հայաստանի համար. «Մաքսային Թվինինգ ծրագիրը հաջողությամբ է իրականացվել, փորձագետների կողմից այն 100 տոկոսանոց արդյունքով է գնահատվել: Կարող եմ ասել, որ սա գերազանց գնահատական է»:

ՀՀ ֆինանսների նախարարության արտաքին տնտեսական գործունեության մոնիտորինգի եւ վիճակագրության վարչության պետ Կարեն Բեգլարյանի խոսքերով` Թվինինգ ծրագրում, որն իրականացվում էր եվրոպական երկու մաքսային մարմինների` լիտվա-ֆիննական կոնսորցիումի կողմից, ընդգրկվել են ոլորտի հիմնական ուղղությունները` օրենսդրության արդիականացում, հսկողության ընթացակարգերի պարզեցում եւ կատարելագործում, ռիսկերի կառավարում,  ՏՏ համակարգի զարգացում, գործարար միջավայրի բարելավում եւ լիազորված տնտեսական օպերատորի ինստիտուտի ներդրում: Ծրագրի ընթացքում անցկացվել է 45 աշխատաժողով եւ 7 ուսուցողական այց, որոնց մասնակցել է մաքսային ծառայության 222 աշխատակից: Մշակվել է նաեւ գործողությունների 3 ծրագիր եւ ճանապարհային 10 քարտեզ, որոնք ներառում են միջնաժամկետ եւ երկարաժամկետ միջոցառումներ՝ ուղղված մաքսային ծառայության արդիականացմանը: