Շվեյցարիայի նախագահ, Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության գործող նախագահ Դիդյե Բուրկհալտերի հարավկովկասյան շրջագայությունն այլեւս ընթացքի մեջ է: Քաղաքական գործիչը նախ Ադրբեջան է այցելել:
Բուրկհալտերն արդեն հանդիպում է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ: Բացի այդ, հանդիպումներ են նախատեսվում նաեւ հարեւան երկրի վարչապետի, ԱԳ նախարարի եւ այլ պաշտոնական ներկայացուցիչների հետ: Բանակցությունների գլխավոր թեման Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը, Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ երկկողմանի հարաբերությունների զարգացման հեռանկարները, ինչպես նաեւ տարածաշրջանում եւ Ուկրաինայում գրանցված իրադարձություններն են լինելու:
Օրվա վերջին Շվեյցարիայի նախագահը Վրաստան է մեկնելու, որտեղ հունիսի 3-ին ամենաբարձր մակարդակով հանդիպումներ են նախատեսված: Շվեյցարիայի ԱԳՆ կայքում տեղակայված հաղորդագրության համաձայն, Թբիլիսիում Աբխազիային եւ Հարավային Օսեթիային առնչվող հարցեր են քննարկվելու:
Նախագահի շրջագայությունը հունիսի 4-ին` երեւանյան այցով կավարտվի: Բուրկհալտերը մտադիր է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին հանդիպել, ինչպես նաեւ բանակցություններ վարել ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի եւ ընդդիմության ներկայացուցիչների հետ:
Շվեյցարիայի ԱԳՆ կայքում տեղեկայված հաղորդագրության մեջ շեշտվում է, որ այդ երկիրը Ադրբեջանում, Վրաստանում եւ Հայաստանում տնտեսական, քաղաքական եւ սոցիալական բարեփոխումների է հետամուտ:




























