Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Հյուսիսատլանտյան դաշինքի` Ուելսում կայանալիք առաջիկա գագաթաժողովի ընթացքում Վրաստանին անդամակցության ընդառաջ գործողությունների պլան (МАР) տրամադրելը անհրաժեշտություն չի համարում: Հունիսի 2-ին Բեռլինում` Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Գերմանիայի կանցլերն ասել է, թե «այդպիսի անհրաժեշտություն չկա»:

«Մենք, իհարկե, որեւէ ձեւաչափով կնշենք դաշինքին ինտեգրման ճանապարհին Վրաստանի գրանցած հաջողությունները, բայց դա  МАР-ի տրամադրում չի լինի», - հայտարարել է նա:

Georoga Online-ի տեղեկացմամբ, Մերկելն ընդգծել է, որ դաշինքի անդամ-երկրներն այսուհետ եւս աջակցություն են ցուցաբերելու Վրաստանին` ձեռք բերված հաջողությունները զարգացնելու նպատակով:

Նախորդ շաբաթ դաշինքի խորհրդարանական վեհաժողովը առաջիկա ուելսյան գագաթաժողովի ընթացքում Վրաստանին ինտեգրման ճանապարհին գրանցած հաջողությունների եւ միջազգային անվտանգության ապահովման գործում իրականացրած ներդրումների համար МАР տրամադրելու` անդամ-երկրներին ուղղված կոչով էր հանդես եկել:

Անդամակցության ընդառաջ գործողությունների պլանը Հյուսիսատլանտյան ծրագիր է, որը նպատակ ունի դաշինքին անդամագրվելու ցանկություն հայտնած երկրներին, վերջիններիս անհատական պահանջներին համապատասխան, խորհրդատվություն, աջակցություն եւ գործառնական օժանդակություն ցուցաբերել: Այդուհանդերձ, МАР ծրագրին մասնակցությունը դեռեւս դաշինքին անդամակցություն չի երաշխավորում: