Իլհամ Ալիեւը հույս է հայտնել, որ Շվեյցարական Համադաշնության նախագահ, ԵԱՀԿ գործող նախագահ Դիդյե Բուրկհալտերի այցն արդյունավետ է լինելու:
ԱՊԱ գործակալության հաղորդմամբ, ընդլայնված կազմով հանդիպման ժամանակ Իլհամ Ալիեւը հույս է հայտնել, որ Դիդյե Բուրկհալտերի այցը մասնավորապես Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման տեսանկյունից տարածաշրջանում դրական տենդենցների զարգացման է բերելու:
Իր հերթին, Բուրկհալտերը նկատել է, որ սա իր առաջին այցն է Ադրբեջան: «Այն մանրազննին ծանոթությունների համար չէ: Համոզված եմ` դեռ էլի կլինենք Ադրբեջանում եւ ավելի շատ ժամանակ կունենանք տարածաշրջանին, ձեր երկրին եւ Բաքու քաղաքին ծանոթանալու համար: Շնորհակալություն եմ հայտնում ընդունելության համար: Պահն առանձնահատուկ է մեր երկրների համար: Նախ` հրաշալի, բարեկամական կապեր ունենք եւ կարող ենք ավելի խորացնել դրանք: Համոզված եմ, որ մասնավոր ներդրումների ոլորտում հսկայական ներուժ կա: Շվեյցարական ընկերությունները ձեր երկրում ներդրումներ անելու շահագրգռվածություն ունեն», - նշել է նախագահը:





























