1989թ. Պեկինի Տյանանմեն հրապարակում տեղի ունեցած ուսանողական ցույցերի եւ դրանց ցրման նպատակով իշխանությունների կողմից ձեռնարկված ողբերգական հետեւանքներով միջոցառումների հերթական տարեդարձին ընդառաջ Չինաստանի իշխանությունները Google-ի ծառայությունների մի մասն արգելափակելու մասին որոշում են կայացրել, հաղորդում է GreatFire.org կայքը:

Արգելանքի տակ են դրվել Google-ի գրեթե բոլոր ռեսուրսները, մասնավորապես` նյութերի եւ պատկերների որոնողական համակարգը եւ Gmail էլեկտրոնային փոստի ծառայությունը, որոնք տեղացի օգտատերերի համար անհասանելի են դարձել ոչ միայն չինական, այլ նաեւ` հոնկոնգյան եւ արտասահմանյան դոմեններում, ինչպես, օրինակ` google.fr-ն է, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

1989թ. հունիսի 4-ին, պաշտոնական տվյալներով, շուրջ 200 ուսանող է մահացել, եւս 7 հազարը վիրավորվել են:

Այդուհանդերձ, Google-ից հաղորդել են, որ մայիսի 31-ից երկրի տարածքում ընկերության ծառայությունները մասամբ են հասանելի: