Գագաուզիայի բաշքան (ղեկավար) Միխայիլ Ֆորմուզալին եւ ազգային ժողովի նախագահ Դմիտրի Կոնստանտինովին օրենսդրական մարմինի նիստի ընթացքում ծեծել են:

Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ, նիստի մասնակիցները ինքնավարության ղեկավարության հրաժարականն են պահանջել: Նրանք Կոնստանտինովին եւ Ֆորմուզալին ձեռքով եւ ոտքով մի քանի հարված են հասցրել:

«Խառնակռիվ սկսվելուն պես բոլոր լրագրողներին դուրս են հրավիրել սրահից, իսկ 10 րոպե անց ոստիկանության աշխատակիցներ են ժամանել: Թե պատգամավորները, եւ թե իրավապահ մարմինները խուսափում են թեմայի շուրջ հարցերից», - տեղեկացնում է Gagauzinfo.md պորտալը:

Մոլդովայի կոմունիստների կուսակցության խորհրդարանական խմբակցությունը միջադեպի առնչությամբ օրենսդրական մարմնի արտակարգ նիստ է պահանջել:

Հիշեցնենք` փետրվար ամսին Գագաուզիայի ինքնավարությունում Մոլդովայի արտաքին քաղաքականության վեկտորի որոշման հարցի շուրջ հանրաքվե է անցկացվել, որի մասնակիցների ավելի քան 98 տոկոսը երկրի` Մաքսային միությանն ինտեգրման օգտին է արտահայտվել:

Գագաուզիան Մոլդովայի հարավում գտնվող ինքնավար տարածք է: