Վարչապետ Հովիկ Աբրահամյանը Հայաստանի կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել կոմիտեի նորանշանակ նախագահ Մարտին Սարգսյանին: Շնորհավորելով Սարգսյանին նոր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ վարչապետը համոզմունք է հայտնել, որ կոմիտեի նախկին նախագահ Երվանդ Զախարյանի իրականացրած բարեփոխումները կկրեն շարունակական բնույթ:

«Կոմիտեում առկա է լավ աշխատակազմ, եւ վերջին տարիներին իրականացված բազմաթիվ սոցհարցումները ցույց են տալիս, որ ակնհայտորեն նվազել են հասարակության դժգոհությունները կոմիտեի կառույցների նկատմամբ: Համոզված եմ, որ պարոն Սարգսյանի՝ տեղական ինքնակառավարման ոլորտում եւ օրենսդիր մարմնում ունեցած փորձը հնարավորություն կտա, որպեսզի նա հաջողությամբ շարունակի այդ բարեփոխումները: Վստահ եմ, որ հանրապետության նախագահի եւ իմ հույսերը կարդարացնեք»,- ասել է վարչապետը:

Կառավարության ղեկավարը կարեւորել է այս բնագավառում բյուրոկրատական քաշքշուկների նվազեցումը եւ նշել, որ կոմիտեի աշխատանքները լինելու են իր ուշադրության կենտրոնում:

Մարտին Սարգսյանը շնորհակալություն է հայտնել վստահության համար եւ հավաստիացրել, որ կիսատ մնացած բոլոր բարեփոխումները կհասցվեն իրենց նպատակին:

«Կփորձենք նորովի մոտեցումներով, կոմիտեի մատուցած ծառայությունների միջոցով, նվազեցնել բնակիչների խնդիրները»,- նշել է Մարտին Սարգսյանը: