Եվրամիությունը պահանջել է Բուլղարիայից դադարեցնել «Հարավային հոսք» գազամուղի շինարարությունը: Ինչպես հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, այդ մասին հայտարարել է էներգետիկայի հարցերով եվրահանձնակատար Գյունտեր Էթինգերի պաշտոնական ներկայացուցիչ Սաբինա Բերգերը:
Նրա խոսքով՝ ԵՄ-ն մտադիր չէ հատուկ արգելափակել «Հարավային հոսքը», սակայն «նախագիծը պետք է համապատասխանի եվրոպական օրենսդրության բոլոր դրույթներին»:
Մրցակցության հարցերով եվրահանձնակատարի խորհրդական Խոակին Ալմունյա ԱնտուանԿոլոմբանին հայտարարել էր, որ Եվրամիությունը Բուլղարիայից բացատրություններ է պահանջել գազամուղի մրցույթի վերաբերյալ. այստեղ շինարարության նախապատվության իրավունքը տրվել է ռուսական եւ բուլղարական ընկերություններին:
Նշենք, որ այսօր հունիսի 3-ին «Գազպրոմ էքսպորտ» ՍՊԸ-ի տնօրեն Ալեքսանդր Մեդվեդեւը հայտարարել է, որ շինարարության համար խոչընդոտներ «չկան եւ չեն կարող լինել»: Նրա խոսքով՝ նույնիսկ եթե եվրոպական բանկերը հրաժարվեն նախագծի հովանավորումից, կոնցերնն ինքը կվճարի:
Ինչպես հաղորդում է «Financial Times»-ը, վկայակոչելով «South Stream Transport Company»-ի փաստաթղթերին, «Գազպրոմը» մեղադրում է Եվրահանձնաժողովին կրկնակի ստանդարտների մեջ եւ համարում է, որ «Հարավային հոսքին» ավելի խիստ պահանջներ են ներկայացվում, քան նման այլ նախագծերին՝ «Greenstream», «Maghreb», «Transmed», եւ «Galsi» գազամուղներ, որոնք Հյուսիսիային Աֆրիկայից գազը հասցնում է Իսպանիա եւ Իտալիա:
«Հարավային հոսքի» շինարարությունը սկսվել է 2012թ.-ին: Գազամուղի հզորությունը կազմում է տարեկան 63 մլրդ խորանարդ մետր: Այն անցնելու Բուլղարիայի, Սերբիայի, Հունգարիայի եւ Սլովակայի տարածքով: Բացի այդ, գազամուղը ենթադրում է շինարարությունը հասցնել մինչեւ Ավստրիա:





























