Խորեն եւ Շուշանիկ Ավեդիսյանների անվան դպրոց-համայնքային կենտրոնը Երեւանի Մալաթիա-Սեբաստիա համայնքում կդառնա Հայաստանում առաջին «կանաչ» կառույցը՝ LEED (Leadership in Energy and Environmental Design - առաջատար շրջակա միջավայրի եւ էներգետիկ նախագծման առումով) միջազգային հավաստագրումով:

Ավեդիսյանների անվան դպրոցը ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) հայաստանյան գրասենյակի, Ամերիկայի Հայ Ավետարանչական Ընկերակցության (ԱՀԱԸ) եւ Հայաստանի ամերիկյան համալսարանի հոգաբարձու, ԱՀԱԸ տնօրենների խորհրդի անդամ Էդվարդ Ավեդիսյանի համատեղ նախագիծն է: Ժամանակակից լավագույն ձեռքբերումների կիրառումով այս դպրոցը, որն իր դռները կբացի 2014թ. սեպտեմբերին, կապահովի որակյալ կրթություն 570 հայ աշակերտների համար, ում ուսումնական առօրյան ընթանալու է կայուն նախագծումով եւ ածխածնի ցածր արտանետումներով շենքում:

Այսօր, ՄԱԶԾ-ն կազմակերպել էր միջոցառում՝ ներկայացնելու էներգախնայողության նորագույն տեխնոլոգիաների եւ բնապահպանական չափանիշների կիրառումը դպրոցում: Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ-ի մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետտոն, ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը, Էդվարդ Ավետիսյանը, Հայաստանում հավատարմագրված դեսպանները, դիվանագիտական համայնքի, կառավարության եւ մասնավոր հատվածի ներկայացուցիչներն այցելեցին շինհրապարակ՝ տեղում ծանոթանալու աշխատանքների ընթացքին եւ անմիջականորեն տեղեկանալու շենքում կիրառվող մաքուր տեխնոլոգիաների եւ էներգաարդյունավետ լուծումների բնապահպանական օգուտների մասին:

ՄԱԶԾ-ն աջակցում է դպրոցին՝ տրամադրելով ջերմային մեկուսացման եւ տեխնիկական փորձաքննության համար դրամաշնորհ, ինչպես նաեւ աջակցել է Կոպենհագենում տեղակայված ՄԱԿ-ի գործառնական կենտրոնի (UN City Building) նոր «կանաչ» շենքին ծանոթանալու եւ դրա նախագծման ու շինարարության փորձից օգտվելու հարցում:

Էներգախնայողության եւ բնապահպանորեն մաքուր տեխնոլոգիաների կիրառման արդյունքում, որն ապահովում է ցածր արտանետումներ եւ ծախսեր, ՄԱԶԾ-ի գնահատմամբ շենքի էներգասպառումը կկրճատվի երեսուն տոկոսով, ինչը նույնիսկ ավելի խիստ չափանիշ է, քան Եվրամիությունում եւ ԱՄՆ-ում կիրառվող պահանջները: Դպրոցի կանաչ տանիքը կապահովի ջերմամեկուսացում, նվազեցնելով ջեռուցման եւ հովացման ծախսերը: Անձրեւաջուրը զտվելու է եւ պահվելու՝ բույսերն ու թփերը, ինչպես նաեւ ֆուտբոլային դաշտի խոտածածկը ջրելու համար: