Ուկրաինան ցանկանում է դատի տալ Ռուսաստանին՝ պահանջելով մեկ տրլն գրիվեն՝ Ղրիմը զավթելու եւ Ուկրաինան կողոպտելու համար: Ինչպես հաղորդում է «Ուկրաինսկայա պրավդա»-ն՝ այս մասին Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը հայտարարել է Գերագույն Ռադայում:

«Այնքան էլ մեծ ընտրություն չկա, թե որտեղ դիմել դատարան, բայց չբացահայտելով բոլոր իրավաբանական մանրամասները, մենք օգտագործելու ենք բոլոր հնարավոր եւ օրինական մեթոդները, որպեսզի ՌԴ-ին դատարանի առջեւ կանգնեցնենք»,-ընդգծել է Ուկրաինայի վարչապետը:

Ուկրաինան արդեն երկու հայց է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ Ղրիմի բռնակցման եւ Ուկրաինայի նկատմամբ Ռուսաստանի պատասխանատվության վերաբերյալ: Պատրաստվում են նաեւ այլ հայցեր, հավելել է Յացենյուկը:

«Այդ ամենի համար պիտի պատասխան տրվի: Մենք գիտակցում ենք, որ նման դատական գործընթացները չեն ավարտվում մեկ ամսում, բայց դրանք արդյունք են ունենալու»,-ընդգծել է նա: