ԵԱՀԿ-ում չեն հաստատում տեղեկությունը, ըստ որի Լուգանսկի մարզային վարչակազմի շենքի պայթյունի պատճառը «օդանավից արձակված չվերահսկվող հրթիռն» է եղել: Այս մասին «BBC Ուկրաինա»-ին հայտնել են Ուկրաինայում ԵԱՀԿ առաքելությունում:
Ավելի վաղ Ուկրաինայի գլխավոր դատախազի առաջին տեղակալ Նիկոլայ Գոլոմշը հայտարարել է, որ նախնական տեղեկությունների համաձայն՝ Լուգանսկի մարզային պետական վարչակազմի շենքի պայթյունի պատճառը ահաբեկիչների զենիթահրթիռային համալիրներից հրթիռների ընկնելն է:
Իր հերթին, չճանաչված «Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության» մամուլի ծառայությունում պնդում են, որ Ուկրաինայի օդուժը կասետային ռումբեր է նետել վարչակազմի շենքի վրա, որոնք արգելված են միջազգային կոնվենցիաներով: Զոհվել է 5 խաղաղ բնակիչ, մի քանի մարդ վիրավորվել է: Զոհերի թվում է ճչանաչված հանրապետության առողջապահության նախարար Նատալյա Արխիպովան:
Միաժամանակ, հակաահաբեկչական գործողությունների սպա Ալեքսեյ Դմիտրաշկովսկին հայտարարել է, որ պայթյունը տեղի է ունեցել շենքի ներսում, օդանավից հրթիռակոծություն չի եղել: Պայթյունի առավել հավանական պատճառը զենքի հետ անզգույշ վարվելն է եղել:
Լուգանսկում ՆԳՆ մարզային գլխավոր վարչությունից հայտնել են 8 զոհի եւ 11 վիրավորի մասին:




























