Բրյուսելում հունիսի 4-5-ը կայանալիք «G7» գագաթաժողովի հիմնական թեմաները կլինեն Ուկրաինայում ստեղծված իրավիճակն ու ԵՄ –Ռուսաստան հարաբերությունները, նշվում է հաղորդագրության մեջ, որը հունիսի 3-ին տարածել է ԵՄ մամուլի ծառայությունը:
«Բրյուսելում «G7» գագաթաժողովի ընթացքում երկրների առաջնորդները քննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, մասնավորապես Ուկրաինայում ստեղծված իրավիճակն ու հարաբերությունները Ռուսաստանի հետ, ինչպես նաեւ տնտեսության, առեւտրի, էներգետիկայի եւ կլիմայական փոփոխությունների վերաբերյալ հարցեր»,- նշվում է հաղորդագրության մեջ, հայտնում է «Ինտերֆաքս-Ուկրաինան»:
Եվրախորհդի նախագահ Հերման վան Ռոմպեյը գագաթաժողովն անվանել է «Ուկրաինայում եւ Ուկրաինայի շուրջ տեղի ունեցած վերջին իրադարձությունները գնահատելու, դրանց եւ մեր ժամանակների այլ մարտհրավերներին դիմակայելուն ուղղված աշխատանքը շարունակելու հնարավորություն»:
«Ուկրաինան կլինի օրակարգի կենտրոնում»,- ընդգծել Ռոմպեյը:
Ավելի վաղ անանուն դիվանագիտական աղբյուրը լրատվամիջոցներին հաղորդել էր, որ «G7» գագաթաժողովը կարող է քննարկել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների հնարավոր խստացման հարցը՝ կապված ուկրաինական ճգնաժամի հետ:
Հիշեցնենք, որ ուկրաինական ճգնաժամի թեժ պահին «Մեծ ութնյակը» վերածվեց «Մեծ յոթնյակի», երբ Ղրիմը ներառվեց Ռուսաստանի կազմում: Համաշխարհային տերությունների առաջնորդները հրաժարվեցին մասնակցել նախկինում ծրագրված «G8» գագաթաժողովին Սոչիում:




























