ԱՄՆ-ի նախագահի եւ այլ բարձրաստիճան ամերիկյան քաղաքական գործիչների պաշտպանության համար պատասխանատու գաղտնի ծառայությունը մտադիր է ձեռք բերել մի ծրագիր, որը կարող է ճանաչել սարկազմը սոցիալական ցանցերի հաղորդագրություններում, գրում է Washington Post պարբերականը:

Դաշնային գործակալությունը ցանկանում է ձեռք բերել ծրագիր, որը այլ գործառույթների հետ մեկտեղ կկարողանա ճանաչել սարկազմը հաղորդագրություններում եւ «խոսքը, որը կարող է  նշանակել մեկ այլ բան, քան կարող էր թվալ առաջին հայացքից»:

ԱՄՆ-ի գաղտնի ծառայությունը երկուշաբթի արդեն հրապարակել է այս պատվերի մրցույթի փաստաթղթերը եւ դիմումներ կընդունի ամբողջ շաբաթվա ընթացքում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Սարկազմ պարունակող հաղորդագրությունները բավականին խնդիրներ են առաջացնում ինչպես դրանց հեղինակների, այնպես էլ հատուկ ծառայությունների համար: Քիչ չեն դեպքերը, երբ օգտատերերը բարձրաստիճան քաղաքական գործիչների կամ ահաբեկչությունների մասին կատակելով սպառանալիք պարունակող հաղորդագրություններ են հրապարակում, իսկ իրավապահ մարմինները դիտարկում են դրանք իբրեւ իրական վտանգ՝ ձեռնարկելով անհրաժեշտ միջոցառումներ:

Գործակալության ներկայացուցիչ Էդ Դոնովանն ընդգծում է, որ վերոհիշյալ գործառույթը ծրագրի մի քանի տասնյակ գործառույթներից միայն մեկն է: ԱՄՆ-ի գաղտնի ծառայությունը մտադիր է մոնիթորինգի ենթարկել twitter-ը, հետեւել գործակալության հիշեցումներին ու գործակալության համար նշանակություն ունեցող արդիական թեմաներին: