«Գազպրոմը» «Ուկրաինայի Նավթոգազ» ընկերության` կանխավճարային ռեժիմի անցման վերջնաժամկետը մեկ օրով` մինչեւ հունիսի 10-ը կհետաձգի: Տեղեկությունը ռուսական հոլդինգի ղեկավար Ալեքսեյ Միլլերի եւ «Ուկրաինայի Նավթոգազի» տնօրեն Անդրեյ Կոբոլեւի հանդիպման ավարտին «Գազպրոմի» կողմից տարածված հաղորդագրության մեջ է նշվում, փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
«Վճարումների հետ կապված խնդրի կարգավորման վերջնաժամկետը, ուկրաինական կողմի խնդրանքով, մինչեւ հունիսի 10-ն է հետաձգվել, քանի որ նախորդ օրը Ուկրաինայում աշխատանքային չէ», - նշվում է «Գազպրոմի» հաղորդագրության տեքստում:
Հիշեցնենք` վճարումներն ուշացնելու պատճառով «Գազպրոմը» «Ուկրաինայի Նավթոգազի» հետ հունիս ամսվա մեկնարկից, համաձայն պայմանագրի, կանխավճարային համակարգի անցնելու մասին որոշում էր կայացրել: Հունիսի 2-ին «Նավթոգազը» մարել էր 2014թ. առաջին եռամսյակի համար կուտակված պարտքը (786 մլն ԱՄՆ դոլար), ինչի հետեւանքով կանխավճարային ռեժիմի անցման վերջնաժամկետը մինչեւ հունիսի 9-ն էր հետաձգվել:





























