Եվրախորհրդի նախագահ Հերման Վան Ռոմպեյը հայտարարել է, որ Եվրամիությունը եւ Ուկրաինան ասոցացման համաձայնագրի երկրորդ` տնտեսական հատվածը «ամենաուշը մինչեւ» հունիսի 27-ն են ստորագրելու` հիշեցնելով, որ այդ օրը նաեւ Մոլդովայի եւ Վրաստանի հետ համաձայնագրերի ստորագրումն է նշանակված, որին ԵՄ բոլոր անդամ-երկրների նախագահներն ու կառավարության ղեկավարներն են մասնակցելու, հաղորդում է ՈւՆԻԱՆ գործակալությունը:
Հիշեցնենք, որ ԵՄ եւ Ուկրաինան, վերջինիս խնդրանքով, ասոցացման համաձայնագրի քաղաքական մասը մարտի 21-ին են ստորագրել: Բացի այդ, Եվրամիությունն արդեն միակողմանիորեն, Ուկրաինային տրամադրվող ընդհանուր օգնության համատեքստում, չեղյալ է հայտարարել ուկրաինական ապրանքների ներմուծման համար նախատեսված մաքսատուրքերը, ինչի արդյունքում Կիեւը տարեկան գրեթե 500 մլն եվրո է շահում: Համաձայնագրի տնտեսական մասը ազատ առեւտրի խորը եւ համապարփակ գոտու ստեղծման մասին դրույթներ է պարունակում:





























