ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի հրավերով հունիսի 4-ին Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը Բրյուսելում` ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում մասնակցել է Աֆղանստանում անվտանգության աջակցման միջազգային ուժերի կազմում զորախումբ տրամադրող երկրների պաշտպանության նախարարների նիստին:
Նիստի ընթացքում քննարկվել են 2014 թվականին ավարտվող ԱՅՍԱՖ առաքելությանը եւ 2015 թվականից նախատեսվող ՆԱՏՕ-ի նոր նախաձեռնություններին, մասնավորապես «Վճռական աջակցություն» գործողությանն առնչվող հարցեր: Հայկական կողմը եւս մեկ անգամ հավաստել է, որ ունի կարողություններ եւ ցանկություն շարունակելու աջակցել Աֆղանստանում ՆԱՏՕ-ի կողմից իրականացվող նախաձեռնություններին:




























