Էլեկտրական հողմակայանների ներդրողները դեռ համաձայնության չեն եկել էլեկտրաէներգիայի շուկայի համակարգողի հետ: Այդ մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել է Հայաստանի էներգետիկայի փոխնախարար Արեգ Գալստյանը՝ մեկնաբանելով մասնավոր ներդրողների ծրագրերը Զոդի բարձրավանդակում եւ Քարախաչում, որոնք անժամկետ հետաձգվել են:
Նրա խոսքով՝ այդ երկու կազմակերպություններն ավարտել են քամու ուժգնության գնահատման աշխատանքները, կազմել են տեխնիկական-տնտեսական հիմնավորում: «Հարցը վերաբերում էր սակագնին, գնաճի եւ արտարժույթի փոխարժեքի ուղղումների բանաձեւին: Հիմնական սակագինը(35 դրամ՝ առանց ԱԱՀ-ի՝ խմբ.) սկզբից եւեթ հարմար էր, նրանք համաձայնեցին նաեւ բանաձեւի վերաբերյալ, սակայն հետո որոշեցին, որ հարմար չէ: Սա արդեն ներդրողների եւ Հասարակական ծառայությունների կարգավորման հանձնաժողովի միջեւ բանակցությունների հարց է»,- հայտարարել է փոխնախարարը:
Հիշեցնենք, որ միջազգային «Black and Veatch» եւ «DH Infrastructure» ընկերությունների գնահատման համաձայն, հողմային էներգիայի համար 4 ամենահարմար վայրերում հնարավոր է 275 ՄՎ հզորությամբ էլեկտրակայաններ հիմնել: Դրանցից մեկում(Պուշկինի լեռնանցք) պետական փոքր էլեկտրակայան է տեղակայված, մյուս երկուսը՝ Զոդի բարձրավանդակում եւ Քաչախաչի լեռնանցքում, գտնվում են կառուցման փուլում, իսկ Սիսիանիում գտնվողը ներդրողների հետաքրքրությունը դեռ չի առաջացրել:





























