Հունիսի 4-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Երեւան ժամանած ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի համադաշնության նախագահ եւ Արտաքին հարաբերությունների դեպարտամենտի ղեկավար Դիդյե Բուրկհալտերին:
Ողջունելով հյուրին՝ Էդվարդ Նալբանդյանը նշեց. «Վերջին տարիներին Հայաստանը եւ Շվեյցարիան լուրջ առաջընթաց են արձանագրել տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության ընդլայնման առումով, եւ մենք լիահույս ենք համատեղ ջանքերով առավել խորացնելու եւ զարգացնելու մեր հարաբերությունները»:
«Մենք ունենք շատ լավ ու բարեկամական հարաբերություններ, ամուր իրավապայմանագրային դաշտ, ընդլայնվում են գործարար կապերը, նախատեսվում է շվեյցարացի գործարարների այցելություն Հայաստան, որի արդյունքում, հուսով եմ, հնարավոր կլինի Շվեյցարիայից ներդրումներ կատարել Հայաստանի տնտեսությունում»,- ասաց Շվեյցարիայի Նախագահը։
«Հայաստանն աջակցում է Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպությունում Շվեյցարիայի նախագահությանը եւ պատրաստ է իր նպաստը բերել շվեյցարական նախագահության առաջնահերթությունների իրագործմանը, որոնց շարքում, անշուշտ, կարեւորում է անվտանգության եւ կայունության խթանմանը, Հարավային Կովկասում վստահության ամրապնդման միջոցների իրականացմանն ուղղված ջանքերը»,- հավելեց նախարար Նալբանդյանը:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին ԵԱՀԿ շրջանակներում համագործակցության ուղիները, անդրադարձ կատարվեց ԵԱՀԿ գործունեության օրակարգային հարցերին, կազմակերպության դերի եւ արդյունավետության բարձրացման նպատակով իրականացվող քայլերին։
Հայաստանի արտաքին գործերի նախարարը ԵԱՀԿ գործող նախագահին ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորման գործընթացի վերջին զարգացումները, այդ ուղղությամբ Հայաստանի եւ Մինսկի խմբի համանախագահների կողմից ձեռնարկվող ջանքերը։
ԵԱՀԿ գործող նախագահը շեշտեց, որ շվեյցարական նախագահությունը անվերապահորեն սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեությանը եւ ափսոսանք հայտնեց, որ առ այսօր հնարավոր չի եղել իրականացնել միջնորդների՝ միջադեպերի քննության մեխանիզմի ստեղծման վերաբերյալ առաջարկությունը։
Զրուցակիցները մտքեր փոխանակեցին ուկրաինական ճգնաժամի եւ դրա կարգավորման ուղիների շուրջ։
Հանդիպմանն անդրադարձ եղավ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի գործունեությանը, ինչի կապակցությամբ արտգործնախարար Նալբանդյանը բարձր գնահատեց գրասենյակի կողմից իրականացվող աշխատանքները եւ կարեւորեց դրանց շարունակականության ապահովումը:
Հանդիպումից հետո Էդվարդ Նալբանդյանն ու Դիդյե Բուրկհալտերը Փոխըմբռնման հուշագիր ստորագրեցին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության եւ Շվեյցարիայի Համադաշնության արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի միջեւ՝ երկու գերատեսչությունների միջեւ խորհրդատվությունների անցկացման մասին:






























