Ուկրաինան մասամբ փակելու է Ռուսաստանի հետ սահմանը Դոնեցկի մարզի հարավում եւ Լուգանսկի մարզի կենտրոնում: Այդ մասին հայտարարել է երկրի նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովը՝ Սլավյանսկի մերձակայքում գտնվող անցակետ այցելելով: Նրա խոսքով, սահմանների փակումը Դոնբասում ուկրաինական ուժայինների հատուկ գործողության փուլերից մեկն է:

Նա համոզմունք է հայտնել, որ այդ միջոցը թույլ կտա կանխել գրոհայինների եւ զենքի առաքումը երկրի տարածք: Դոնբասի հետագա ճակատագիրը նա մտադիր է կարգավորել առաջիկայում:

Ուկրաինայի ՆԳ նախարար Արսեն Ավակովի փոխանցմամբ, Տուրչինովն այժմ գտնվում է Սլավյանսկում հատուկ գործողության շտաբում: