Ուկրաինայի նոր նախագահ Պյոտր Պորոշենկոն դեռ հնարավորություն ունի երկխոսություն հաստատել իր երկրի արեւելքի եւ հարավի քաղաքացիների հետ: Այդ մասին ֆրանսիական լրատվամիջոցներին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հայտնում է «Ուկրաինսկայա պրավդան»:
«Քանի դեռ պարոն Պորոշենկոյի ձեռքերն արյունոտված չեն, նա կարող է վերջ տալ պատժիչ այդ գործողությանը եւ ուղիղ երկխոսության գնալ իր երկրի արեւլեքի եւ հարավի քաղաքացիների հետ»,- նշել է Ռուսաստանի նախագահը: Ընդ որում նա կոչ է արել չանվանել պատերազմ այն, ինչ տեղի է ունենում Ուկրաինայում:
Բացի այդ, «TF1» հեռուստաընկերությանը եւ «Europe 1» ռադիոկայանին տված հարցազրույցում Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ հունիսի 6-ին, Նորմանդիա կատարելիք այցի ընթացքում, ուր կժամանեն մի շարք պետությունների ղեկավարներ, այդ թվում նաեւ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն, ինքը մտադիր չէ որեւէ մեկից փախչել եւ պատրաստ է բոլորի հետ շփվել:Նշենք, որ Ֆրանսիայում հունիսի 6-ին Նորմանդիայում դաշնակիցների զորքերի իջեցման 70-ամյակի կապակցությամբ հանդիսավոր միջոցառումներ տեղի կունենան: «Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն այնքան սիրալիր էր, որ ինձ, որպես Ռուսաստանի ներկայացուցիչ, հրավիրեց հանդիսավոր այդ միջոցառումներին՝ ողբերգական, տխուր եւ միաժամանակ հանդիսավոր: Հաճույքով ընդունում եմ այդ հրավերը եւ շնորհակալ եմ նախագահին քայլի համար: Սակայն այնտեղ այլ հյուրեր կան եւ ես չեմ պատրաստվում որեւէ մեկից փախչել, իհարկե, բոլորի հետ շփվելու եմ»,- ասել է Պուտինը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք խոսելու է Պորոշենկոյի հետ:
Ռուսաստանի նախագահը ոչ ստույգ է անվանել լրագրողների կողմից իր խոսքերի մեջբերումն այն մասին, թե աշխատելու է Պորոշենկոյի հետ միայն այն պայմանով, որ նա ԱՄՆ-ի չափից ավել ազդեցության ներքո չի լինի: «Ես չեմ ասել, թե նա ԱՄՆ-ի ուժեղ ազդեցության ներքո չպետք է լինի: Նա կարող է ցանկացածի ազդեցության ներքո գտնվել: Նրա օգտին մարդիկ են քվեարկել, եւ դա նրա ընտրությունն է, թե ինչպես կկառուցի քաղաքականությունը: Եթե նա ցանկանում է ինչ-որ մեկի ուժեղ ազդեցության ներքո լինել, թող լինի»,- պարզաբանել է Պուտինը:




























