«Սթարթափ» ոլորտի դանիական ընկերություններից մեկը քաղաքամերձ շրջաններում առանձնատներ ունեցող բնակիչներին գարեջրի համար նախատեսված սառնարան է առաջարկում. այն կարելի է անմիջապես այգու տարածքում` հողի մեջ տեղակայել: eCool անվամբ սարքը էլեկտրացանցին միացնելու անհրաժեշտություն չկա. այն կարող է առանց հոսանքի մի ամբողջ տարի աշխատել:

Նորարարական սառնարանն իրենից 1 մետրից մի փոքր ավել բարձրությամբ, 22 սմ տրամաչափով եւ 12 կգ կշռով գլան է ներկայացնում: NEWSru.com-ի հաղորդմամբ, eCool-ի գինը 349 դոլար է:

eCool-ի մեջ կարելի է ստանդարտ չափերի 24 գարեջուր տեղավորել, որոնք ինքնատիպ «մարտկոցի» ուժով սառնարանի ներսում անընդհատ շարժման մեջ են գտնվելու: Նորարարության հեղինակների խոսքով, սառեցումը հողի ցածր ջերմաստիճանի հաշվին է իրականացվելու, ինչը չի կարող հաճելի անակնկալ չլինել շրջակա միջավայրի պահպանությամբ մտահոգված գարեջրի սիրահարների համար: Սական առավել մեղմ կլիմա ունեցող երկրներում սառնարանը չի կարող օգտագործվել:

Գյուտարարների խոսքով, eCool-ը նույնիսկ ձմռանը կարելի է օգտագործել. սարքի ներսում ջերմաստիճանը զրոյից ցած չի իջնում: