Ուկրաինան վերադարձրել է Հայաստանում իր դեսպանին: Տեղեկությունը ՌԲԿ-Ուկրաինա գործակալությանը հայտնել է երկրի ԱԳՆ տեղեկատվական քաղաքականության դեպարտամենտի տնօրեն Եվգենի Պերեբիյնիսը:

«Այս շաբաթ նա իր պարտականությունների կատարմանն է անցել», - տեղեկացրել է Պերեբիյնիսը:

Նրա խոսքով, Ուկրաինայի ԱԳՆ-ն դեսպանին վերադարձնելու որոշում է կայացրել այն բանից հետո, երբ Հայաստանը հաղթանակի առթիվ շնորհավորել է Ուկրաինայի նորընտիր նախագահ Պյոտր Պորոշենկոյին:

«Հայկական կողմը ողջունել է Ուկրաինայի նախագահի ըտրությունը եւ մեր երկրի հետ կառուցողական համագործակցության հույս հայտնել», - հայտարարել է Պերեբիյնիսը:

Հիշեցնենք` Ուկրաինայի ԱԳՆ-ն երկրի` Հայաստանում դեսպանին մարտի վերջին օրերին էր հետ կանչել, երբ նախագահ Սերժ Սարգսյանը դրականորեն էր արտահայտվել Ղրիմում Ռուսաստանին միակցման հարցով հանրաքվեի անցկացման փաստի առթիվ: