Մենք գիտենք, թե Ղարսն ու Նախիջեւանը ոնց տվեցինք, պատմությունը կրկնվում է: Այս մասին այսօր` հունիսի 5-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ անդամ Վարդան Բոստանջյանը` անդրադառնալով մայիսի 29-ին Աստանայում Ղազախստանի նախագահ Նազարբաեւի հայտարարությանը, թե Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ պետք է մաքսակետ դրվի:
«Հայաստանի եւ Արցախի միջեւ մաքսակետ չի դրվելու ու վերջ: Եթե նման պայման լինի, ուրեմն մենք այլ գործընկեր պետք է փնտրենք: Այսքանը ու վերջ: Մենք գիտենք, թե ոնց տվեցինք Ղարսն ու Նախիջեւանը, մենք շատ լավ գիտենք պատմությունը ու պետք է զգուշանալ: Արցախի եւ Հայաստանի միջեւ մաքսակետ գոյություն ունենալ չի կարող»,- ասաց նա:
Մինչդեռ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը համոզված է, որ հենց Ռուսաստանն է շահագրգռված, որպեսզի Արցախի հարցում հետընթաց չլինի. «Երբեք չպետք է թույլ տալ ստորագրել մի փաստաթուղթ, որը հետընթաց կլինի մեր հարաբերությունների մեջ: Ռուսաստանի շահագրգռվածությունը բոլորս էլ գիտենք, Ռուսաստանի շահերից չի բխում Արցախի հետ հարաբերությունների հետընթացը»:
NEWS.am-ի հարցին` ինչքանով է ճիշտ մաքսակետ տեղադրելը` ՀՀԿ-ականը զարմացավ. «Հայաստանի եւ Արցախի միջեւ մաքսակետ կա, ինչի՞ մասին է խոսքը»:
Լրագրողների բացատրություններից հետո նույնպես պատգամավորը ձեւացրեց, թե չի հասկանում, թե ինչի մասին է խոսքը` այնուամենայնիվ, նշելով, որ երկու անկախ պետություններ կարող են որոշել, թե մաքսակետն ինչպես կարող է գործել:
Հիշեցնենք` Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի մայիսի 29-ին Աստանայում կայացած նիստի ավարտին Ռուսաստանի, Բելառուսի եւ Ղազախստանի նախագահներ Վլադիմիր Պուտինը, Ալեքսանդր Լուկաշենկոն եւ Նուրսուլթան Նազարբաեւը Եվրասիական տնտեսական միության ստեղծման մասին պայմանագիր են ստորագրել: Նիստին ներկա է գտնվել նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ով առաջարկել է Հայաստանի` Եվրասիական միությանը մինչեւ հունիսի 15-ը միանալու հարցը քննարկման դնել: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն, իր հերթին, ամենակարճ ժամկետներում Հայաստանի հետ փաստաթղթի ստորագրման անհրաժեշտությունն է ընդգծել:





























